ԲացահայտենքՍարիգյուղ․ Հայն ու հացի ավանդույթը

Սարիգյուղ․ Հայն ու հացի ավանդույթը

«Նախկինում հաց թխելիս օգնության են հրավիրել հարևան կամ  ազգական կանանց` փոխադարձ օգնելու պարտավորությամբ, կամ գյուղի չքավոր կանանց, որոնք դրա համար վարձատրվել են թխած հացով»,–  պատմում է սահմանամերձ Սարիգյուղի  22-ամյա բնակիչ Դավիթ Եգանյանը։

 

«Մելիք-Եգան» թոնրատուն մտնելուն պես նոր թխված հացի բույրն ինձ  միանգամից զրկեց խոսելու և մտածելու ունակությունից։ Դա էր երևի պատճառը, որ Դավիթը շատ արագ  փորձեց ինձ իրականության բերել՝ հյուրասիրելով թարմ բուլկի։ Եվ միայն հետո սկսեց իր պատմությունը, թե ինչպե՞ս ի հայտ եկավ Սարիգյուղում «Մելիք-Եգան» անունով թոնրատուն ունենալու գաղափարը։

 

«Սովետական ժամանակաշրջանից հետո  Տավուշի մարզում գտնվող Սարիգյուղն իր փուռը չուներ։ Տեղաբնակներն էլ ստիպված կողքի գյուղերից էին հաց գնում։ Այսօր  այդ խնդիրը լուծված է, տաք և թարմ հացն էլ անպակաս»։

Մինչ ես կհամտեսեի  գաղտնի բաղադրատոմսով բուլկին, որը նաև թոնրատան բրենդային թխվածքն է։ Երիտասարդ գործարարը տեղեկացրեց, որ նախկինում երբեք  չի մտածել հացի արտադրության մասին։ Մանկուց երազել է դերասան դառնալ, այդ է վկայում երկար ստորագրությունը և  վերջում դրվող աստղը։ Տարիներն անցնում են, դերասան դառնալու ցանկությունն էլ կորում, բայց ստորագրությունը՝ մնում։

 

Թե ինչո՞ւ հացի արտադրություն, պատասխանում է, որ ըստ իրեն հացն ավելի է սերտացնում հայրենիք գաղափարի հետ։ իտե՞ս, հին ժամանակներում՝ դատարանում հայերը երդվել են լավաշով, քանի որ այն սուրբ է համարվել: Հացով երդվել են այն ենթադրությամբ, որ դրժողը կզրկվի նաև  գլխավոր սննդից` հացից,-ավելացնում է նա։

Դավիթը հաց թխել է սովորում, երբեմն հացթուխի բացակայություն է նկատվում, այդ կերպ աշխատողներին է օգնում։ Հացը գյուղերով ինքն է բաժանում, իսկ հումքը, որով պատրաստում է հաց, բացի խմորիչից, ձեռք է բերում փոքր տնտեսվարողներից` աջակցելով գործընկերներին։

 

«Մելիք-Եգան» թոնրատունը  յուրատեսակ քարի հաց է պատրաստում։ Այն թխվում է ոչ թե աղյուսապատ փռում, այլ՝ պապի պապերից եկող թոնրի մեջ։ Հացի և՛ համն է ուրիշ, և՛ որակը։

Խոսակցության ընթացքում մեջբերելով հին հայերի սովորույթներից, պատմում է, որ   առաջին թխած հացը տվել են չքավորներին կամ բարեկամներին: Հակառակ դեպքում տանտիրոջ առաջին կինը կմեռներ և նա այնուհետև մի քանի կին կփոխեր: Հացը գետնին գցելը մեղք է համարվել։ Այն չէր կարելի գլխին դնել` անբերրիություն կառաջանար: Մտածել են, որ Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի. թանկություն կընկնի:


Նա նաև հիշեց, որ Մելիք-Եգան թոնրատան թխված առաջին հացը հյուրասիրել են լուսահոգի Նորիկ պապին, ով հիվանդ էր։ -Առաջին հացը Նորիկ պապին պիտի փորձեր, մանկությանս հուշերից մեկը ինքն էր, քանի որ մեր ամբողջ թաղամասը  իրենց փռում էր հաց թխում,- հիշում է նա։

Թոնրատան մյուս նորությունը փոքր բլիթների արտադրությունը կլինի․ -Հաց թխելիս միշտ մի փոքր խմոր էր մնում, որից տան փոքրերի համար բլիթ էին պատրաստում, իսկ մենք հաճույքով ուտում։ Գյուղի երիտասարդները կհիշեն։ Քաղցր հիշողություն է, որը մեր սրտերում ջերմություն կառաջացնի։

 

Իսկ ինչո՞ւ Տավուշում Մելիք-Եգան անունով  թոնրատուն, չէ՞ որ Արցախի հինգ մելիքությունների պայքարով ստեղծված «Խամսայի մելիքություններ» անունով հայտնի այս ինքնավար իշխանության գլխավոր կենտրոնը Տող ավանն էր։ Դավիթն էլ  մեծ հպարտությամբ․ –Մենք Դիզակի Մելիք Եգանի տոհմից ենք սերում։ 

Խոսակցության ավարտին Դավիթն ավելացրեց․«Թարմ թխված հացի բույրը անտարբեր չի թողնում ոչ մեկին, գյուղով անցնելիս անպայման կանգնեք թոնրատան կողքին, շատ շուտով գյուղ մտած հյուրերի համար նաև կլինի  «մի թիքյա հաց ու պանիր» ձևաչափով նորություն։

 

Ճանապարհորդության ավարտին իմ ձեռքին էր մեծ թղթյա տոպրակ՝ մեջն էլ գաղտնի բաղադրատոմսով  բազմատեսակ բուլկիներ։

Կարդացեք նաև՝ Տողի մելիքական ապարանք․Վառ անցյալի իրականությունից

Նյութը պատրաստվել է Բերքաբեր ՀԿ-ի աջակցությամբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ