ԱրմավիրԻնչո՞ւ այցելել Մեծամոր արգելոց-թանգարան

Ինչո՞ւ այցելել Մեծամոր արգելոց-թանգարան

Մեծամորը մերձավոր արևելքի ամենաեզակի հնագիտական հուշարձաններից մեկն է, որովհետև նա ոչ միայն պատմամշակութային մի քանի շերտեր ունի, որոնք թույլ են տալիս վերականգնել հասարակության զարգացման մի քանի պատմական ժամանակահատվածների այն համայնապատկերը, որ հնարավոր է նյութական մշակույթի առարկաների հիման վրա վերականգնումը կատարել, այլև թույլ է տալիս խոսել հայկական լեռնաշխարհում առաջին քաղաքագոյացման գործընթացների մասին։ Այս բազմաշերտ հուշարձանի պեղված մշակութային շերտերը վերաբերում են էնեոլիթին, բրոնզի երեք փուլերին (վաղ, միջին, ուշ), վաղ երկաթին, ուրարտական շրջանին, միջնադարին։

Ինչո՞ւ այցելել Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան, կներկայացնեմ ընդամենը մի քանի կետ:

——————————————————————————————
Հայաստանի հնագիտական հուշարձանների շարքում Մեծամորն առանձնանում է պաշտամունքային կոթողներով ու շինություն-համալիրներով:


1960-1980-ական թթ. միջնաբերդի հյուսիս-արևմտյան հատվածում պեղված տաճարային համալիրն իր չափերով ու կառուցվածքով մինչ օրս եզակի է Հայաստանի հնագիտական հուշարձանների մեջ:


1963 թվականին մի խումբ հնագետներ գալիս են այստեղ հնավայր ուսումնասիրելու նպատակով։ Արշավախմբում ընդգրկված Կորյուն Մկրտչյանի ուշադրությունը գրավում է հնավայրի տարածքով մեկ սփռված մետաղի թափոնները։

Նրանցից մեկի քիմիական վերլուծությունից պարզ է դառնում, որ հնագույն մարդը մթա․ 2-րդ հազարմյակի երկրորդ քառորդից սկսած սկսել է մշակել մետաղ։ Պղնձին խառնել են մկնդեղ, ստացել են բրոնզ, այնուհետև մեծ հորերի մեջ կավից շաղախ պատրաստել, բարձրորակ կավին ավելացրել աղացած կենդանու ոսկորի մնացորդներ, և ահա պատրաստի բրիկետներ։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Բարկ կրակի վրա լցրել են այդպիսի բրիկետներ, ստացել մինչև 1600 աստիճան ջերմություն։ Հասկանալով, որ այդ գործընթացը աշխատատար է՝ հետագայում, հասել են Մեծ Բրիտանիա, Աֆղանստան, որտեղից էլ անագ են բերել, և պղնձին խառնելով անագ՝ ստացել են բրոնզ։ Լինելով մերձավոր արևելքի ամենախոշոր մետաղաձուլարանը իրականացրել են տարածաշրջանի գրեթե ամբողջ պատվերները։ Այստեղ պատրաստել են աշխատանքային գործիքներ, կենցաղային նշանակություն ունեցող իրեր, զենք-զինամթերք։

Իսկ 1966 թվականի պեղումները նշանավորվեց միջնաբերդի հյուսիս-արևելյան լանջի ժայռահարթակին հայտնաբերված իր տեսակի մեջ եզակի համալիրով՝ աղոթարան սրբարաններով:
Պեղումներով բացվել են յոթ սրբարան-զոհասեղաններ` կից կավակերտ կառուցվածքներով: Դրանցից հինգը պեղումներից հետո չափագրվել են և հետագա պահպանության նպատակով ծածկվել, իսկ ահա կենտրոնական և ավելի բարձր դիրք զբաղեցնող այս երկու սրբարան-զոհասեղանները թանգարանացվել են, հարմարեցվել ցուցադրության համար:

Նրանց կողքին, պատերի տակ եղել են կավակերտ, տարատեսակ կառուցվածքներ` զոհաբերությունների և ծիսական տարբեր արարողությունների համար: Ցավոք, տաճարային համալիրն ավերվել է մ․թ․ա․ VIII դարում` ուրարտական նվաճումների ժամանակ: Տաճարային համալիրի արևմտյան հատվածի վրա ուրարտացիները կառուցել են պաշտպանական պարիսպ և, ըստ էության, տաճարի ճարտարապետական կառուցվածքի վերաբերյալ այլ մանրամասներ մեզ հայտնի չեն:

Թե ինչ աստվածությունների կամ աստվածների են նվիրված եղել Մեծամորի սրբարան-զոհասեղանները և ինչպիսի ծիսակատարություններ են կատարվել այստեղ, այժմ դժվար է ասել: Մեծամորի ուշ բրոնզեդարյան-վաղ երկաթեդարյան սրբարաններում, դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից և համաժամանակյա մերձավոր արևելյան գրավոր սկզբնաղբյուրների տվյալներից, կարող ենք ենթադրել, որ այստեղ իրականացվել են նոր տարվան, բնության զարթոնքին, պտղաբերությանը, արևի, լուսնի, հողմի ու ջրի աստվածություններին նվիրված ծիսակատարությունները, ծննդին ու մահվանն առնչվող արարողություններ:

Հիշեցնեմ, որ ներկայացնում եմ բացահայտումներիս միայն մի մասը, մնացածի համար կարող եք ինքներդ այցելել թանգարան։

Մեծամոր հնավայրի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված շատ գտածոներ ներկայացված են պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մեջ։

Դրանցից է առյուծի վերադիր քանդակներով սափորը, որը պեղվել է հավանաբար «քրմի» դամբարանից և կապված է ծիսական որոշակի պատկերացումների հետ:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մուգ շագանակավուն հիմնագույն և կաթնավուն երակներ ունեցող սարդոնիքսի բնակտորից պատրաստված գորտակերպ կախիկ-կշռաքար։

Գորտի մեջքին, թաթերին և որովայնի շրջանում բաբելոնյան գրելաձևով արված, աքադերեն սեպագիր արձանագրությունը հաղորդում է. «Սա 1 սիկղն է Ուլամ-Բուրարիաշի, Բուրնա-Բուրարիաշ թագավորի որդու»: Խոսքը մ.թ.ա. XVI դ. վերջում – մ.թ.ա. XV դ. առաջին կեսին Կասսիտական Բաբելոնում իրար հաջորդած տիրակալների մասին է: Նկատի ունենալով տեքստում հիշատակվող կշռի միավորը (1 սիկղ), վերծանողները (Ի. Դյակոնով, Գ. Սարգսյան, Է. Խանզադյան) ենթադրել են, որ գորտի արձան ուշ բրոնզեդարյան արձանիկ-կախիկը կշռաքար է, քանի որ նրա քաշը` 8,64 գր., իրոք համապատասխանում է միջագետքյան 1 սիկղին (սիկլ):

Հավաքածուի մեջ առանձնանում է ծիսական անոթ կեռնոսը։ Այն կարծես թե կապ ունի երկնային յոթ լուսատուների պաշտամունքի՝ արևի, լուսնի և մյուս մոլորակների հետ։

Եզակի այս կնիքը հայտնաբերվել է Մեծամորի արքայական դամբանաբլուրի պեղումների ժամանակ։Կնիքի դրոշմող մակերեսին հին եգիպտական հիերոգլիֆներով արձանագրված է. «Մեծ Սանգար երկրի կառավարիչ Կուրիգալզու» տեքստը: Խոսքը Կասսիտական Բաբելոնի (Եգիպտոսում երբեմն այդպես էին անվանում Բաբելոնը) տիրակալ Կուրիգալզու I-ի (մ.թ.ա. XV դ. վերջ) մասին է:

Կնիքն ամենայն հավանականությամբ, պատրաստվել է Եգիպտոսի պատվերով, նրան ենթակա պաղեստինյան տարածքներից մեկում, Բաբելոնի տիրակալ Կուրիգալզուի համար:

Հայաստանի տարածքից հայտնաբերված ամենահին ոսկե առարկան հայտնաբերվել է Մեծամորի հնավայրից և ցուցադրվում է թանգարանում։ Այն պարուրաձև փաթաթվածքով հերակալ-հերազարդ է։ Հայտնաբերվել է ամրոցի գագաթին, սալահատակի տակ, ժայռի մեջ փորված մանկական դամբարանից։ Դամբանախցում, աջ կողքի վրա, կծկված վիճակում պառկած էր 5-6 տարեկան երեխայի կմախք, որի քունքի մոտ էլ հայտնաբերվել է ոսկե հերակալը:

Մեծամորի ուշբրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան իշխանական դամբանաբլուրներից հայտնաբերված ոսկե այս իրերը ներկայացված են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մեջ։ Դրանք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհի, նաև ողջ Հին Մերձավոր Արևելքի մ.թ.ա. V-I հազ. առավել ուսումնասիրված եզակի հնագիտական հուշարձաններից մեկի՝ Մեծամորի հնավայրի պեղումների ընթացքում։

Հնավայրի դամբարաններից հայտնաբերված պերճանքի ոսկե առարկաները վկայում են Մեծամորի ուշբրոնզեդարյան զարգացած մետաղամշակության և բարձր հմտություններ ունեցող մետաղագործ վարպետների մասին։

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Հնավայրի դամբարաններից հայտնաբերված պերճանքի ոսկե առարկաները վկայում են Մեծամորի ուշբրոնզեդարյան զարգացած մետաղամշակության և բարձր հմտություններ ունեցող մետաղագործ վարպետների մասին։
Լուսանկարները՝ Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի

Լուսանկարները՝ Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի

Instagram
Հետևեք ինձ