ԿոտայքԼեռնանիստ, որտեղ ցուրտ է, սակայն շատ ջերմ

Լեռնանիստ, որտեղ ցուրտ է, սակայն շատ ջերմ

Չկա այնպիսի մեկը,  ով չսիրի ճանապարհորդել։ Մեզնից շատերը  սիրում են ուսումնասիրել և բացահայտել  նոր քաղաքներ, բարձրանալ ամենաբարձր  լեռները և իջնել վտանգավոր գետերի երկայնքով, իսկ ոմանք էլ սիրում են  նստել կրակի մոտ, մարդկանց հետ զրուցել կամ նկարվել պատմամշակութային արժեք ունեցող կոթողների մոտ։ Մենք բոլորս տարբեր ենք մեր նախասիրություններում, սակայն մի բանն է ընդհանրական, բոլորս սիրում ենք ճանապարհորդել։ Իսկ եթե դուք այն տեսակի մարդկանցից եք, ովքեր սիրում են ձմեռային հանգիստը համատեղել  էքստրիմի և սուր զգացողությունների հետ, ապա առաջարկում եմ այցելել Կոտայքի մարզ, Լեռնանիստ համայնք։

 

Դահուկավազքի սահուղի, ձյունագնաց, արտերկրից ժամանած հյուրեր, հայկական ավանդական խոհանոց, հյուրընկալ ընտանիք, պատմամշակութային հուշարձաններ, ազգագրական թանգարան. այս ամենը սպասում էր ողջ օրվա ընթացքում։

Առաջին անգամ էի Լեռնանիստում, սակայն օրվա ավարտին խոստացա, որ գարնանը կայցելեմ` արդեն քայլարշավային տրամադրությամբ։

 

Առաջին կանգառը  Լեռնանիստ համայնքի   ազգագրական թանգարանն էր, որտեղ էլ ծանոթացա Դավիթ Հակոբյանի հետ, ում շնորհիվ  էլ թանգարանում առկա հինավուրց իրերը վկայում են Հայաստանում դարեր առաջ իրականացվող գյուղատնտեսական աշախատանքների մասին։ Ցուցադրվող  սափորներն ունեն 500-600 տարվա պատմություն, ծանոթացա նախախորհրդային ժամանակաշրջանի բնակելի տան մակետին։

 

Բնակելի մասը համարվում էր  տան աջ կամ ձախ հատվածը, իսկ մյուս հատվածը նախատեսված էր որպես անասնագոմ։ Անկյունում դրված հնամաշ սունդուկ էլ կտեսնեք, այստեղ է բերվել Սումգաիթի ջարդերից փրկված մի տղամարդու միջոցով։ Սունդուկը  1990 թվականին արդեն 77 տարեկան էր։ Իմացա վիսկիի, ջվալի, կամի, նամիկի մասին, եթե հետաքրքրեց՝ ուրեմն Պարոն Հակոբյանը ձեզ էլ  կներկայացնի հին հայկական կենցաղին բնորոշ իրերը։

 

Մի անգամ ևս շրջեցի թանգարանում  և ուղևորվեցի դեպի «Սուրբ Հակոբ» կամ  «Սուրբ Ավազան» եկեղեցի։ Վայրը հայտնի է բուժիչ ջրով,տեղացիները վստահեցնում են, որ ջուրը բուժում է  մաշկային մի շարք հիվանդություններ։ Փորձեցի ջրից և գնացի ձմեռային իմ բաժին էքտրիմի ետևից։

 

Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն: Երկու տարի առաջ այստեղ կառուցվել է դահուկավազքի սահուղի և ճոպանուղի (բուգել): Հարակից տարածքում էլ  կարող եք վարձակալել համապատասխան սպորտային պարագաներ։

 

Ձյունագնացով բարձրացա լեռնալանջ,  իմ առջև բացվեց ֆանտաստիկ տեսարան՝ ողջ Լեռնանիստը, ափիս մեջ էր։ Գեղեցկությունը հաղթեց ցրտին, երկար կանգնած մնացի, վայելում էի ակնթարթը։

 

Իսկ արդեն  ներքևում սպասում էր տաք թեյը, մեղրն ու համեղ տնական թխվածքները։

 

Համայնքում մի քիչ էլ շրջելուց հետո հյուրընկալվեցի մի հրաշալի ընտանիքի, որտեղ արդեն Երևանից ժամանած հյուրերը վայելում էին վառարանի վրա պատրաստվող կարտոֆիլն ու կիսվում տպավորություններով։

 

Տիկին Էլյանորայի տունն ու ընտանիքը Լեռնանիստի ամենահետաքրքիր բացահայտումն էր։ Հիանալի կին, ով ինձ  ընդունեց մայրական ջերմությամբ և ժպիտով։  Չթողեց տեղից շարժվեմ, մինչև չուտեմ ավելուկով ճաշն ու աքլորով հաճարով փլավը։

 

Տիկին Էլյանորան  ընդունում է զբոսաշրջիկների, ովքեր առատ սեղանի  և ջերմ վերաբերմունքի միջոցով բացահայտում են մի կտոր Հայաստան։  Արիշտա, հաճարով փլավ, բանջարեղեններով բազմաթիվ կերակուրներ, կոմպոտ, մուրաբա, կաթնամթերք, լավաշ, գաթա․․․

Բարի գալուստ Լեռնանիստ, որտեղ ցուրտ է, սակայն շատ ջերմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ