ԲացահայտենքԻջևանի դեղին երազը

Իջևանի դեղին երազը

Իջևանի հրապարակում  կանգնած, ուշադրությունս գրավեց ինձնից ոչ հեռու դեղին գույնի դուռը։ Yellow dream  սրճարանն էր, ճիշտ է այն բացվել է ամիսներ առաջ, սակայն նրա մասին արդեն իսկ լսել էի։ Սրճարանի դռներին Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ Իշխանն է նկարված, կարծում էի ներսում էլ գրքի բովանդակությանը համարժեք նկարազարդումներ կգտնեմ։

 

Այնտեղ ինձ սպասվում էր ավելի հետաքրքիր անակնկալ, ես ոչ թե հայտնվել էի  Փոքրիկ Իշխանի մոլորակում, այլ՝ դեղին երազում, որտեղ ջերմ էր, հարմարավետ, տաք ու համերաշխ։  Հանդիպեցի Հարութին և Ռուբենին, նրանց գաղափարն էր  Իջևանում ստեղծել նման մի վայր։ Մանկության ընկերներ են, եղբայրների նման, միմյանց շատ լավ գիտեն։

 

Պարզվում է խորհրդային ժամանակներում այստեղ  հանրախանութ է եղել, որտեղ վաճառվել է ամեն տեսակի ապրանքներ և իրեր։ Երկրի անկախությունից հետո վայրը գործարկվել է մի քանի անգամ, որպես թեյարան, դիզայներական կենտրոն։ 

-Yellow Dream-ը ստեղծվել է  երեք ամիս անդադար աշխատանքների հետևանքով։  Առաջին մեկ ամիսը միայն աղբն ենք դատարկել։ Տարաքծը մաքրելուց հետո պարզ դարձավ մեր անելիքները։ Մինիմալ ծախսերի միջոցով ենք ստացել այն ինչ տեսնում եք։  Սրճարանում ամեն մի նկար, ամեն մի անկյուն և գույն՝ ունի իրեն հատուկ պատմություն, -խանդավառությամբ կիսվում են տղաները։

 

Նրանց խոսքով Yellow Dream-ն  ի սկզբանե ստեղծվել է կարծրատիպեր կոտրելու համար։ Նախկինում, Իջևանում չկար սրճարան որտեղ աղջիկները կկարողանային  հանգիստ վայելել իրենց երեկոն, իսկ այսօր այցելուների մեծամասնությունը աղջիկներն են։ Իջևանցիները մատուցողի աշխատանքին էլ են սկսել այլ կերպ վերաբերվել՝ հասկանում են,  որ սպասարկման ոլորտի կարևորագույն բաղադրիչերից է։ 

 

Զրույցի ընթացքում իմացա, որ Yellow Dream-ը իրականում այլ պատմություն ունի։  Մինչև կծնվեր սրճարան ունենալու գաղափարը, տղաները երազ ավտոմեքենա էին գնել, դեղին գույն ներկել և  սուրճ ու քաղցրավենիք վաճառում։ Ցավոք, ցուրտ եղանակին դեղին երազը կանգնած է, գարնանը ավտոմեքենան կրկին կսկսի ակտիվ գործունեությունը, իսկ մինչ այդ բոլոր ուժերը ուղղված են դեպի սրճարան։ Անուշաբույր թեյի սեղանի շուրջ  2 ընկեր կիսվեցին, որ հենց դեղին երազն էր նրանց մյուս երազանքների սկիզբը։

 

Նրանք նաև տեղեկացրեցին, որ սրճարանում շատ հաճախ կազմակերպվում են համերգներ և բազմազան միջոցառումներ, սակայն Yellow Dream-ի յուրահատկություններից մեկն էլ  խաղասենյակն է, որտեղ էլ տեղափոխվում եք վիրտուալ աշխարհ։ Թե ի՞նչ աշխարհ, դա էլ դուք կընտրեք։ Մի քանի խաղ ինքս փորձեցի, բայց ինձնից ո՛չ լավ զոմբի կործանիչ դուրս եկավ, ոչ էլ՝ տիեզերագնաց։

 

Վերջում էլ Ռուբենն ասաց- Մի օր հնարավոր է սրճարանի վայրը փոխվի, սակայն գաղափարը երբեք չի փլուզվի, ինչո՞ւ, որովհետև  ամեն ինչի մեջ ոգի ենք դրել։ 

 

Վերադառնալուս ժամանակն էր, Yellow Dream-ի սուրճով ճանապարհեցին ինձ։ Վստահ եմ, որ նրանց մտքով չի էլ անցնում, որ  շատերիս համար նրանց հաջողության պատմությունը իսկապես ոգեշնչող է, սա առիթ էր ինձ համար, որպեսզի կյանքում ավելի արժեքավոր  նպատակներ հետապնդելու շարժառիթ ունենամ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ