ԲացահայտենքԱռեղծվածային Շուշին

Առեղծվածային Շուշին

Անսպասելի և հանկարծակի։ Մառախուղը  գրեթե աննկատ է գալիս։ Քաղաքի ջերմությունը, աշխուժությունը դանդաղորեն փոխարինելով իրենով։ Քայլում ես քաղաքի գողտրիկ փողոցներով, մառախուղն  էլ՝ հետդ։ Ուրվականի նմանվող քաղաքը կստիպի զգալ Շուշիի ողջ զորությունը և դիմադրողականությունը։Այդ ժամանակ անդադար կարելի է քայլել, երբեմն էլ ետ շրջվել, տեսնելու համար ինչպես է վայրկյանների ընթացքում մառախուղը կուլ տալիս շենքերն ու փողոցները։ Գիտակցում ես, որ այլևս չես կարող հաղթահարել սեփական զգացումները, քանի որ տեղափոխվել ես մեկ այլ իրականություն, որտեղ դու անզոր ես, իսկ շուրջդ առեղծված։ Շուշի քաղաքը  յուրատեսակ թանգարան է կենդանի պատմության և պատմամշակութային հուշարձանների։ Պատերազմից հետո վերակառուցված շինությունների պատերը ներծծված են անիրական կենդանությամբ։ Կիսվում եմ ձեզ հետ իմ տեսած մի քանի հասցեներով․

 

Սուրբ Ղազանչեցոց

Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնը։ Զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մեկ այլ եկեղեցի։ Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնած են եղել մեծ խնդրի առջև։ Բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրի մեկ այլ քահանայից և լսեր այս խոսքերը․ «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»։ Սակայն եկեղեցին ուներ մեկ քահանա, ճարտարապետները որոշում են կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը, քահանան թողություն էր խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը։ Ճարտարապետական այս հնարքը միակն է աշխարհում։

Սուրբ Ղազանչեցոցը  Շուշիի վերածնունդի խորհրդանիշն է։ Տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Ադրբեջանական իշխանությանն անցնելուց հետո օգտագործվել է նախ որպես ամբար, հետո՝ ավտոտնակ։ Այդ ժամանակաշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները։ 2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 700 զույգից, 500-ը պսակադրվեցին Ղազանչեցոցում, իսկ մնացածը` Գանձասարում:

 

Օրիորդաց տուն

Շուշիում կար օրիորդաց դպրոց, որ կրում էր Մարիամ Ղուկասյան անունը։ Նա շուտ է մահացել, տակավին օրիորդ և եղբայրները անունը հավերժացնելու համար կառուցել են  Մարիամյան դպրոցը, ուր ուսանում էին միայն աղջիկներ։ Յուրաքանչյուր տարի սովորում էր շուրջ 300 աղջիկ, որոնք հագնվում էին միանման։ Նպատակն էր պատրաստել լուսավորյալ վարժուհիներ և մայրեր։ Ուսուցումը մայրենի լեզվով էր։  Դպրոցում դասավանդվել է ռուսաց լեզու, հայոց պատմություն, թվաբանություն, վայելչագրություն, ձեռագործ, երգեցողություն և այլ առարկաններ։ Այսօր այդ շենքում է գտնվում ԱՀ Մշակույթի, տուրիզմի, երիտասարդության հարցերի նախարարությունը։

 

Մեղրեցոց եկեղեցու խորան

Ուշադրության արժանի հուշարձան է նաև Շուշիում գտնվող Մեղրեցոց եկեղեցին։ Այն կառուցել են մեղրեցի ներգաղթյալները: Արձանագրություններում հիշատակված է որպես Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով` 1833 թվականին: Երբեմնի ճարտարապետական համալիրը 1960-ական թվականներին քանդվել, հարմարեցվել և վերածվել է ամառային բացօթյա կինոթատրոնի:

 

Սուրբ Հովհ. Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին

Շուշին յուրատեսակ թանգարան է կենդանի պատմության և պատմամշակութային հուշարձանների։ Հին հուշակոթողների կողքին կանգուն են նաև 19-րդ դարի Սուրբ Հովհաննես  եկեղեցին, որին ժողովուրդը տվել է «Կանաչ ժամ» անունը։ Ինչո՞ւ էին կոչում կանաչ եկեղեցի, որովհետև գմբեթը ավերվել է և ժողովուրդը դրել է փայտից խաչ, որն էլ ընթացքում մամռակալել է։ Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը, որի շրջապատում գտնվում էին առողջարաններ, հանգստյան տներ, ադրբեջանցիների կողմից վեր էր ածվել հանքային ջրերի ընպելասրահի, բաղնիքի։ Արդյունքում հուշարձանը խիստ տուժել էր։

 

Շուշիի վերին մզկիթ

Իսլամական մշակույթին պատկանող 4 մզկիթներ են գործել Շուշիում։ Շինության գլխավոր ճակատի կամարաձև մուտքերը ընդգծված են երկու բարձր մինարեթներով։ Այսօր այն վերակառուցվում է, որից հետո կգործի որպես թանգարան։

 

Ժամհարյան եղբայրների հիմնած հիվանդանոց-առողջարան

Աղքատ ընտանիքում մեծացած, սակայն ժամանակի ընթացքում Մոսկվայում հաջողությունների հասած 5 եղբայրները մեծ ներդրում ունեցան քաղաքի տնտեսական հարցերում։ Ռուսական կայսրությունում արդեն հայտնի մեծահարուստներ էին և տնօրինում էին բանկային խոշոր կազմակերպություն «Ժամհարյան եղբայրներ» անունով։ Շուշիում նրանք հիմնում են ֆաբրիկաներ, խանութներ։ 1850 թվականին տեղափոխվում են Շուշի  և կառուցում են մի շենք, որն ունեցել է 45 հատ բուժման սրահ, ինչպես նաև բակ, որտեղ ժողուրդը կարողանում էր գալ և հանգստանալ։ Այսօր այն լքված տարածք է, իր տեսակի մեջ ապշեցուցիչ ճարտարապետական լուծումներով։

 

Ջդրդուզ

Բնությունը ստեղծում է նման  հրաշքներ, որոնց պետք է ուղղակի նայել և վայելել։  Հայտնի է, որ Հունոտի հարթություն Ջդրդուզ կոչվող վայրում ժամանակին ձիարշավներ են կազմակերպվել, ուր հավաքավել է քաղաքի բարձրաշխարհիկ հասարակությունը։ Կատարոտ կամ Ջդրդուզ դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին:

 

Շուշիի արվեստի կենտրոն

Գորգերի ցուցասրահի շենքը  1827 թվականին եղել է Հայաստանում երկրորդ տպարանը, այստեղ կարելի է տեսնել հայկական գորգերի նրբաոճ նմուշներ բերված  Ավստրիայից, Շվեյցարիայից, Ստամբուլից, Գերմանիայից։ Այսօր թանգարանն ունի շուրջ 300 գորգ, որոնք գործվել էին 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ: Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են թուրքմենական և աֆղանական գորգերի օրինակներ։ Գորգի մշակույթը հայերի կենցաղում կարևոր դեր է ունեցել, զարդանախշերն էլ յուրովի ներկայացնում են հայկական կենցաղը։

 

Երկրաբանության թանգարան

Թանգարանում ցուցադրվում են հազվագյուտ տիպի ապարներ, ամենահինը 1 միլիարդ 200 միլիոն տարեկան է։ Կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 միլիոն տարեկան է։  Ցուցադրության հիմքը կազմում է Գ. Գաբրելյանցի անձնական հավաքածուն, որը նա նվիրաբերել է թանգարանին. թվով շուրջ 400 նմուշ՝ աշխարհի 50 երկրից: Թանգարանում մի սենյակ կա, որտեղ մթության մեջ լուսավորվող հանածոները տարաբնույթ երանգներ են ստանում։

 

Ռեալական ուսումնարան

Վայր, որի մասին անդադար կարելի է խոսել։ Ուսումնարանում յուրաքանչյուր ուսուցիչ իր մոտ պահում էր առանձին մատյան, որտեղ նշումներ էր անում աշակերտների ամենօրյա առաջադիմության, ծուլության և անկարգության մասին։

 

Շուշի քաղաքի պատմության թանգարան

Թանգարանը համարվում է  Շուշի հնագույն քաղաք-ամրոցի բազմադարյա անցյալը լուսաբանող հնությունների կենտրոն։ Թանգարանի հավաքածուն  շատ հարուստ է ազգագրական բնույթի տեղեկություններով, այստեղ հավաքված են հաճախակի իրենցից իրական արվեստի գլուխգործոցներ ներկայացնող տեղական արհեստագործների արտադրանքներ։ Առանձին վահանակ է տրամադրված 1992   թվականի մայիսի 8-9 Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Այստեղ տեղադրված է մարտերի պատմությունը լուսային էֆեկտներով ուղեկցող՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ